Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Էդուարդ Շարմազանով. Հարգանքով ենք վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը

Էդուարդ Շարմազանով. Հարգանքով ենք վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը
14.12.2016 | 18:34

ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը և մնացած բոլոր ընդդիմախոսներին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան»), Նիկոլ Փաշինյանի («Քաղաքացիական պայմանագիր») և Արամ Սարգսյանի («Հանրապետություն») վերջերս կնքած միությունը կարող է միակը չլինել, ընտրություններից առաջ կարող են նաև նորերը հայտնվել:

ՀՀԿ-ն պատրաստ է ազատ և հավասար մրցակցության՝ անկախ ով և ինչ ուժ է ղեկավարում՝ լինի պաշտպանության նախկին նախարար (Սեյրան Օհանյան), նախկին կամ ներկայիս ունևոր ձեռնարկատեր (Գագիկ Ծառուկյան), կամ քաղաքականության մեջ նոր դեմքեր: «Մենք բոլորին հարգանքով ենք վերաբերվում»,- հավաստիացրեց Շարմազանովը: Նա անդրադարձել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ նախընտրական դաշինք կազմեն «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:


Աժ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հնարավորությանը, Շարմազանովն ընդգծեց, որ Սեյրան Օհանյանն ինքն այս պահի դրությամբ որևէ հայտարարություն չի արել՝ հավելելով, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, ինչպես նաև նախկին պաշտոնյաները, իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ: «Ինչ վերաբերում է մեր երկու նախկին արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախկին նախարարի հնարավոր եռյակ դաշինքին, դա իրենց խնդիրն է»,- ասաց Շարմազանովը:


Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտում գործելու հնարավորությանը, Շարմազանովն ընդգծեց, որ ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ով է դառնում ընդդիմություն, ով՝ իշխանություն: «Մենք քաղաքական մրցապայքարում հատուկ թիրախներ չենք ընտրում, ինչ-որ մեկի դեմ չենք պայքարում: Անկախ նրանից՝ Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը կվերադառնան քաղաքականություն, թե չէ, մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, գնալու ենք այդ օրակարգով, իսկ այդ օրակարգը նախանշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով հարցին՝ Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Սեյրան Օհանյան հնարավոր դաշինքը լուրջ մրցակից համարում է ՀՀԿ-ի համար, Շարմազանովը պատասխանեց, որ չի կարող խոսել մի բանի մասին, որը դեռևս գոյություն չունի: «Երբ գոյություն կունենա, կտեսնենք, որ ունի ժողովրդի աջակցությունը, այդ ժամանակ կխոսենք: Ես չեմ ցանկանում հիմա օդի մեջ վերացական մտքեր արտահայտել»,- նշեց նա:


Շարմազանովի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց են տվել, թե որոնք են ընդդիմադիր դաշտի ֆավորիտները: «Ես ասել եմ, որ Էդմոն Մարուքյան-Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան միությունից հետո հնարավոր նոր դաշինքներ ընդդիմադիր դաշտում կլինեն: Միգուցե, այդ դաշինքներից մեկը նաև ձեր նշածն է: ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, արդար պայմաններում մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր քաղաքական մրցակիցներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:


Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն փորձ չի անում Սեյրան Օհանյանին իր շարքերն ընդգրկել և քաղաքական գործընթացներին մասնակից դարձնել հենց իր ցուցակով, Շարմազանովը պատասխանեց. «Սեյրան Օհանյանի մասով հարցերը ուղղեք հենց իրեն: Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը իր քաղաքական ծրագրերի մասին չի խոսել, իր քաղաքական տեսլականը չի ներկայացրել, ես քաղաքական «նոնսենս» եմ համարում մեկնաբանություններ տալը: Երբ նա խոսի, այդ ժամանակ մենք էլ կխոսենք: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մեզ մոտ բազմակարծությունը քաղաքական և իրավական նորմ է, և շատ նորմալ է, որ կարող են լինել բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց ճանապարհը ՀՀԿ-ի հետ չեն տեսնում: ՀՀԿ-ն ժողովրդավարական բարեփոխումներ չի նախաձեռնում, որ բոլորը դառնան հանրապետական և մենք վերադառնանք միակուսակցական համակարգին»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե Սեյրան Օհանյանը նեղացած է ՀՀԿ-ից, ինչին Շարմազանովը պատասխանեց, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ:

Նա նշեց, որ պաշտոնը լքելուց հետո մեկ անգամ խոսել է Սեյրան Օհանյանի հետ, շնորհակալություն հայտնել նրան միասնական աշխատանքի համար: «Պետք չէ կենտրոնանալ Սեյրան Օհանյանի անձի վրա: Շատ նախկին պաշտոնյաներ կան, ովքեր կարող են վերադառնալ տարբեր ձևաչափերով: Դա իրենց իրավունքն է, իրենց խնդիրն է: Այստեղ հանրապետականն անելիք չունի: Մենք չենք պայքարում որևէ ուժի դեմ, մենք ընդդեմ չենք: Մեր պայքարը հանուն է, ունենք մեր քաղաքական օրակարգը և գնում ենք այդ ուղղությամբ և բոլորին հաջողություն ենք մաղթում ազատ մրցապայքարում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ